Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Ալիև Նիկոլ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա, սակայն հանդիպումը չի կարելի բացառել։ Այդ մասին Կարապանի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

«Ինչ վերաբերում է բանակցություններին, այս պահին բանակցությունների սեղանին քննարկվող թուղթ չկա։ Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար։ Այդ փուլին մոտենալու համար այս շրջանը, կարծում եմ, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այնքան էլ արդյունավետ չենք օգտագործել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, և որ որպես պատճառ նշել այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից չի հնչում համարժեք հայտարարություն՝ ի պատասխան իր այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Մեր դիրքորոշումը կառուցողական է, մենք գտնում ենք, որ պետք է կարգավորել Արցախի հարցը, կարգավորել այն սկզբունքների ու հայեցակարգի շրջանակներում, որոնց մասին խոսել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում իմ ելույթների ժամանակ և մեր նախկինում հռչակած սկզբունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի, ինչքան էլ որ դա դժվար լինի։ Բայց դա մեր պատասխանատվությունն է․ տարածաշրջանում ապագայի խաղաղության և կայունության պատասխանատվությունը կրում ենք մենք՝ Ադրբեջանի նախագահը, Արցախի նախագահը և ՀՀ վարչապետը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։