52-րդ դպրոցի հետիոտնային անցման վրա КамАЗ-ը մահացու վրաերթի է ենթարկել դպրոցականի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

կամազ

Հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմանում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով 52-րդ դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ։

Աղբյուրը նաև նշում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել են՝ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական: Բնակիչներն ու դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։

Բնակիչներն անգամ սպառնացել են փակել ճանապարհը, սակայն դասակի հրամանատար Մ. Սիմոնյանը իրավիճակի մասին տեղեկացրել է ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, որը հանձնարարել է տեղում ուսումնասիրել խնդիրը, և հարցը լուծվի՝ ի շահ բնակչի։