ՍԴ նախագահը հանդիպել է Մարշալի իրավաբանական համալսարանի անվանի պրոֆեսորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ. Լուսինի հետ, ով սահմանադրական իրավունքի հանրահայտ մասնագետ է և մասնակցել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի 1970թ. Սահմանադրության նախագծի մշակմանը:

Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։

Պրոֆ. Լուսինը Հայաստան է ժամանել առաջին անգամ Ստեփանակերտ քաղաքում անցակացվող Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանների նախաձեռնությամբ կազմակերպված «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատախաղի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մրցույթի կապակցությամբ:

ԱՄՆ-ի Հայկական իրավաբանական ընկերակցության նախկին նախագահ և Հայաստանում իրավական պետության և իրավագիտության զարգացմանն ուղղված ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեցող պրոֆ. Լուսինի հետ քննարկվել են սփյուռքի իրավաբանների և Հայաստանի իրավական ոլորտի հաստատությունների համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԴ փոխնախագահ Ա.Գյուլումյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախկին դեկան Թ. Սամուելյանը: