Հարցին լուծում չտաք, օդանավակայանն ենք փակելու․ ֆերմերները բացեցին Երևան-Արարատ ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

Երևան-Արարատ ճանապարհը փակած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից դժգոհող անասնապահները Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ զրուցելուց հետո համաձայնվեցին  երեկոյան Արարատի մարզպետարանում քննարկելու խնդիրը:

«Օրենքը ընդունելուց ինչու չքննարկեցին ֆերմերների հետ, կովն ու խոզն իրարից չեն տարբերում, հիմա էլ օրենք են հորինում: Հարցին պետք է լուծում տրվի հօգուտ գյուղացու, ոչ թե Կառավարության»,- ասաց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:

Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահների հետ հանդիպման եկած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջարկեց հարցը տեղափոխել կառուցողական դաշտ: Նա նշեց, որ մարզպետարանում սպասելու է բողոքի ակցիա իրականացնողներին՝ սպանդանոցների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Անասնապահները համաձայնեցին Գարիկ Սարգսյանի առաջարկին և բացեցին Երևան-Արարատ ճանապարհը. «Բայց եթե մեր հարցին լուծում չտաք, օդանավակայանն էլ ենք փակելու, սաղ ենք փակելու», - սպառնացին նրանք։