«Կառավարությունն ուզում էր ինքը բերել այս նախագիծը»․ԱԺ-ն մերժեց ՍԴ վերաբերյալ ԼՀԿ առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը ԱԺ-ն քննարկեց և լիագումար նիստերի օրակարգ չընդունեց:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը․

«Խոսքը վերաբերում էր գրավը որպես խափանման միջոց ճանաչելուն: Ներկա իրավակարգավորման շրջանակներում գրավը կիրառվում է որպես կալանքին այլընտրանքային միջոց, Սահմանադրական դատարանը սա դիտարկել էր որպես առանձին խափանման միջոց և ներկայիս կարգավորումը ճանաչել հակասահմանադրական»,- ասաց նա։

Իրենց բերած օրենսդրական նախաձեռնությանը կառավարության տված բացասական գնահատականը ԼՀԿ պատգամավորը հիմնավորեց այսպես․

 «Հիմնական պատճառն այն էր, որ կառավարությունը ցանկանում էր ինքը բերել այս նախագիծը և որևէ ձևով չէր ցանկանում մեր բերած նախաձեռնության վերաբերյալ առաջարկություններով հանդես գալ: Արդյունքում ստացվեց, որ իմ հարգարժան գործընկերները պահպանեցին սոլիդարություն կառավարության հետ, իմ կողմից սա գնահատվում է որպես Ազգային ժողովի իրավասության սահմանափակում ի օգուտ կառավարության, որովհետև իմ գործընկերները որոշեցին, որ կարևորը՝ կառավարությունն իր եռամսյա ժամկետում կբերի այս նախագիծը և լավ չէ, որ ԱԺ պատգամավորն ավելի շուտ է բերում նման նախաձեռնություն»։

Հարակից զեկույցով հանդես եկավ Պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը․

«Մենք միանշանակ ընդունել ենք, որ օրենսդրական որևէ սահմանափակում, որ պատգամավորը նման նախաձեռնությամբ հանդես գա ավելի վաղ ժամկետում, միանշանակ չկա: Այո, օրենսդրական սահմանափակում չկա, բայց օրենքով նախատեսված եռամսյա ժամկետը մի կողմից ապահովում է հնարավորինս արագ ՍԴ որոշումների տված մեկնաբանությունից կարգավորումներ բերելու անհրաժեշտությունը, մյուս կողմից ապահովում է ավելորդ շտապողականության չդրսևորումը: Նաև ասեմ՝ անկախ այս հանգամանքից, որ այո, սա եղել է մերժման պատճառ, բայց բովանդակային քննարկում է եղել և թե՛ կառավարության և թե՛ մեր հանձնաժողովի անդմաների կարծիքը եղել է այն, որ բովանդակային առումով ունի խնդիրներ այս նախագիծը»,- ընդգծեց նա՝ կոչ անելով կողմ չքվեարկել հարցը նիստերի օրակարագ ներառելուն և քննարկելուն:

 ԱԺ-ն դեմ քվեարկեց և հարցը չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ:

Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝  նկատելով․

«Պարո՛ն Գրիգորյան, ես ձեզ ուզում եմ ասել, որ Ձեզ մեծ ապագա է սպասվում իսկապես, որովհետև էն էներգետիկան, էնտուզիազմը, էսքապրեսիան, որ Դուք ներ եք դնում մեր նախագծերը մերժելուն՝ կոչ անելով մարդկանց, ուղղակի ապշած եմ: Եվ ի՞նչ եք ասում՝ այո՛, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք: Այսինքն, մենք ցնցվենք հա՞ դրանից, որ դուք բովանդակային քննարկել եք մեր նախագիծը, հա՞։ Ասում եք՝ ինչի մասին է ընդհանրապես այդ նախագիծը. ՍԴ-ն ընդունել է որոշում, ասում է՝ էս օրենքը փոխեք այս ձևով, մենք բերել ենք նախագիծ, ասում ենք՝ ՍԴ այս որոշման հիման վրա եկեք այս օրենքը փոխենք: Եկել են կառավարությունից, ասում են՝ ճիշտ է, պետք է փոխվի, բայց մենք ենք ուզում անենք, ասում ենք՝ ի՞նչ տաբերություն, հիմա մենք ենք բերել»,- ասաց Մարուքյանը՝  համոզմունք հայտնելով, թե՝ «այդ նույն նախագիծը բերելու են նույն ձև ընդունեք, սակայն ասում եք՝ կառուցվածքը էնտեղ սենց մի հատ պահ կա, այդ պահը խանգարում է, դրա համար հիմա չենք ընդունում: Սա ձև չի էլի, սա անելու բան չէ, որ դուք անում եք»։