Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Լոռու մարզում գտնվող՝ պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցի կողմից Դեբեդ գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար, կազմակերպել է իր աշխատակցի կողմից տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք տալու գործընթացը: Մասնավորապես՝ աշխատակցին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել տեսուչի հետ՝ վերցված նմուշները կաշառքի դիմաց փոխելու վերաբերյալ: Ըստ այդմ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, աշխատակիցը տեսուչին որպես կաշառք տվել է գումար և բենզինի կտրոններ:
Այնուհետև տեսչական մարմնի պաշտոնյան, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով նշված ընկերության օգտին կաշառքի դիմաց ապօրինի գործողություն կատարելու համար, թափել է Դեբեդ գետի տարբեր հատվածներից նախօրոք վերցված նմուշները և դրա փոխարեն ընկերության աշխատակցի մատնանշված վայրից վերցրել նոր նմուշներ: Փոխարինված նմուշների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Դեբեդ գետի ջրի որակը համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված 3-րդ (միջակ դասին), որն ունի ոռոգման նպատակով օգտագործման նշանակություն:
Կաշառք տալու գործընթացը կազմակերպելու համար ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ընկերության աշխատակցին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք տալու համար, իսկ տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ