Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

օ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չի բացառում, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, սակայն, ըստ ԱՄՆ պաշտոնյանի, հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

«Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա», - ասել է Միլլերը՝ շեշտելով՝ քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Հանդիպման օրակարգի մասին ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ընդհանուր տեղեկություններ հայտնել՝ նշելով, որ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»՝ նշելով՝ «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ արձագանքելով Բաքվից հնչած հայտարարությանը, չբացառեց՝ Ադրբեջանը հնարավոր սադրանքի համար հող է նախապատրաստում։

--00—ԼՀ