Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հետաքրքրություն են հայտնել հրադադարը երկարաձգելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

իս

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հետաքրքրություն են հայտնել քառօրյա հրադադարը երկարաձգելու մեջ։ Նոյեմբերի 27-ին լրանում է հրադադարի վերջին օրը, և դրա երկարաձգմամբ շահագրգռված են նաև հիմնական միջնորդ երկրները՝ Կատարը և ԱՄՆ-ն։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ի հրապարակումը։

Նշվում է, որ նոյեմբերի 26-ի երեկոյան հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ «ցանկանում է երկարաձգել հրադադարը քառօրյա ժամկետի ավարտից հետո»։

Գործող հրադադարը ներառում է կետ, համաձայն որի հրադադարը կերկարաձգվի մեկ օրով ՀԱՄԱՍ-ի կողմից յուրաքանչյուր 10 պատանդի ազատ արձակման դիմաց։

Ըստ CNN-ի աղբյուրի՝ նոյեմբերի 26-ի երեկոյան Իսրայելի պատերազմի հանձնաժողովը ևս քննարկել է հրադադարը երկարաձգելու հնարավորությունը։

Ավելի վաղ հրադադարի երկարաձգման հույս է հայտնել նաև Կատարը։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ հրադադարը կերկարաձգվի, որպեսզի ավելի շատ պատանդներ ազատ արձակվեն, իսկ Գազայի հատվածի քաղաքացիական անձանց ավելի շատ օգնություն մատակարարվի։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ հրադադարի երկարաձգումը «ողջունելի կլինի», որի դիմաց օրական 10 պատանդ կարող է ազատ արձակվել։

Նոյեմբերի 26-ին ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 17 պատանդի, իսկ Իսրայելի բանտերից ազատվել են 39 բանտարկյալներ՝ հիմնականում 18 տարեկան և ցածր տարիքի։ Բացի այդ, Գազայի հատված է մտել հումանիտար բեռներով 120 բեռնատար։

Հրադադարի առաջին 3 օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 58 պատանդի, հիմնականում՝ կանանց և երեխաների, իսկ Իսրայելի բանտերից ազատ է արձակվել 117 պաղեստինցի բանտարկյալ։  

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել էր շուրջ 240 մարդու։ 1200 մարդ սպանվել էր։ Այդ հարձակումից հետո Իսրայելը սկսել էր Գազայի հատվածի գնդակոծությունները, այնուհետև՝ ցամաքային ներխուժումը։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 14 800-ը։

--00—ԼՀ