Թեժ կռիվ՝ Լևոն Հովհաննիսյանի աշխատասենյակում. իրավիճակին խառնվել է Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

ss

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։

Վերջինս, սակայն, հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ազատման դիմում չի գրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա՝ աշխատանքից ազատման շուրջ լուրջ խմորումներ են գնացել քաղաքապետարանում:

Բանն այն է, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետերի նշանակումից հետո բաժանումներ է արել, թե նրանցից ով որ ոլորտը պետք է համակարգի: Ըստ այդմ, փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Եւ, ահա, Լեւոն Հովհաննիսյանն իր մոտ է կանչել Խորեն Գրիգորյանին ու ասել, որ այսուհետ պետք է հաշվետու լինի իրեն, պահանջել է նաեւ այսուհետ իրեն ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

Մշտապես ինքնագործունեությամբ զբաղվող Խորեն Գրիգորյանին դուր չի եկել, որ իրեն պետք է այսուհետ վերահսկի Հովհաննիսյանը, եւ նա «սպառնացել է», թե ազատման դիմում կգրի: Այդ խոսակցության ընթացքում Հովհաննիսյանի աշխատասենյակում թեժ կռիվ է սկսվել:

Ավելի ուշ Տիգրան Ավինյանն իր մոտ է կանչել Լեւոն Հովհաննիսյանին եւ Խորեն Գրիգորյանին ու ասել է՝ պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները ու նորմալ աշխատեն միասին:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այդ օրը՝ մինչեւ ուշ ժամ, քաղաքապետարանում լարված իրավիճակ է եղել:

Երկար խոսակցություններից հետո Խորեն Գրիգորյանը հետ է կանգնել իր «սկզբունքային» որոշումից:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, թեեւ իրավիճակը ժամանակավորապես հարթվել է, բայց Հովհաննիսյան-Գրիգորյան հարաբերությունները մի օր պայթելու են:

 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ