Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

863ff6c310ecdb30fe04ac721703b069

Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը Արցախի շրջանավարտներին․

«Սիրելի շրջանավարտներ,

Սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ՝ Ձեր կյանքի առաջին կարևոր շրջափուլի ավարտի առիթով: Մեր հոգին լցվում է ուրախությամբ, երբ տեսնում ենք, թե ինչպիսի լուսավոր երտասարդներ են մեծանում Արցախում: Արցախի արհեստական շրջափակման պայմաններում, երբ միասին կրում ենք բազմաթիվ զրկանքներ, երբ մեր վաղվա օրը շատ անորոշ է թվում, Ձեր երիտասարդական եռանդն ու կյանքի հանդեպ սերը գալիս են գոտեպնդելու և զորացնելու մեր սրտերը:

Դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, ուսուցիչների խրատներն ու փոխանցած փորձառությունը կօգնեն ձեզ կյանքում գտնելու Ձեր ճիշտ տեղն ու կոչումը։ Մեր մաղթանքն է, որ դուք կյանքում ինչ դիրքի և աստիճանի էլ հասնեք, չմոռանաք ձեր ամենամեծ կոչումը. արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է և մեր նահատակների, ովքեր Ձեզ նման պայծառ երիտասարդներ էին, արյամբ սրբացած այս հողին տեր կանգնելը։ Չկտրվեք ձեր արմատներից, որովհետև ծառի նման իր արմատից կտրված յուրաքանչյուր մարդ բարոյապես ենթակա է չորացման և անհետացման։

Աղոթում ենք, որ Աստված մշտապես ուղեկից լինի Ձեր կյանքի հետագա տարիներին, իսկ դուք Ձեր բոլոր քայլերը փորձեք կատարել Աստծո կամքի համաձայն, փնտրեք իմաստություն և ճշմարտություն, որպեսզի գտնեք կատարյալ խաղաղություն և ազատություն: Անմնացորդ սիրով սիրեք մեր հրաշք երկիրը և կերտեք ձեր արժանապատիվ երջանկությունը ազատ ու անկախ Արցախում:

ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵՐ ԸՆԹԱՑՔԸ»։

--00—ՅՄ