ՀՀ դեսպանը Լեհաստանի հայերի հոգևոր առաջնորդին է ներկայացրել Լաչինում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

լեհաստանում հհ դեսպան

Ապրիլի 12-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Վարշավայի արքեպիսկոպոս, Լեհաստանում կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ, Կարդինալ Կաժիմեժ Նիչին։ Տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Զրուցակիցները քննարկեցին հայ-լեհական դարավոր պատմական կապերն ու եկեղեցու դերը երկու ժողովուրդների համախմբման գործում, ինչպես նաև միջեկեղեցական փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հիշատակելով եղբայրական հայ ժողովրդի հանդեպ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի ունեցած հատուկ վերաբերմունքը։ Անդրադարձ կատարվեց Հովհաննես Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս Առաջին Պապերի՝ Հայաստան կատարած պատմական այցերին։

Դեսպան Ս․Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում պայքարող հայրենիքի պաշտպանների և հայ ազգի խաղաղության համար Վարշավայի Աստվածային նախախնամության տաճարում Արքեպիսկոպոսի կողմից մատուցված սուրբ պատարագի համար և ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակն ու առկա մարտահրավերները։ Նա մանրամասներ տրամադրեց սահմանային միջադեպերի, շարունակվող ոտնձգությունների և սադրանքների վերաբերյալ։ Անդրադարձ կատարվեց արցախահայության ներկա իրավիճակին, Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը, խորացող հումանիտար ճգնաժամին։

--00—ՍՊ