Արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

f6426beaebabcd_6426beaebac1c (1)

Այս օրերին Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ մասնագետները քաղաքի տարբեր հատվածներում ստուգում են շատրվանների ու նմանատիպ կառույցների էլեկտրասնուցումը, փորձարկում ջրասնուցման և ջրահեռացման համակարգերը, ջրամղիչ հանգույցները, նորոգում կամ փոխարինում խողովակաշարեր, սողնակներ, փականներ:

Բացի այդ, փոխարինվելու են պոկված սալիկները, ու նորոգվելու են եզրաքարերը, հղկվելու և թարմացվելու են ջրավազանների պատերն ու հատակները: Տարվա ընթացքում արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ:

2022 թ. մեկնարկած՝ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի, Երևանի 2750-ամյակի, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքի, Նոր Նորքի գեղարվեստական շատրվանների, «Շողակաթ» հ/ը հարակից և Գ․ Նժդեհի հրապարակի շատրվանների պոմպակայանների վերանորոգումն ավարտվել է, պոմպերը, էլսարքավորումները և սողնակներն ամբողջովին փոխարինվել են նորերով, փորձարկման աշխատանքները ավարտվել են։

Տարեշրջանի մեկնարկը տրվելու է մայիսի 1-ին և ավարտվելու է հոկտեմբերի 31-ին։ «Ջրային կառույցների» ՓԲ ընկերության կողմից շահագործվելու է 39 ջրային կառույց (29 շատրվան, 8 ջրավազան և ջրամբար)։ Որպես պարտադիր բաղադրիչ՝ շաբաթական մեկ անգամ բոլոր շատրվաններն ու ջրավազանները կդատարկվեն, կմաքրվեն, կլվացվեն և նորից կջրալցվեն։

Պարտադիր բնույթ է կրելու նաև քլորացումը: Մայրաքաղաքի ջրային կառույցները գործելու են 8-10-ժամյա ժամանակացույցով, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը՝ ժամը 8։30-23։00-ը։

--00—ՅՄ