Ինչո՞ւ է Մհեր Սահակյանը հարվածել Վլադիմիր Վարդանյանին․ փաստաբանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց):

Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետև ՔՊ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։

Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ՝ ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ, միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Մհեր Սահակյանին տարել են ոստիկանություն, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց։

--00—ԼՄ