Փողոցային խայտառակ բարքերի մարմնացում հանդիսացող անձիք ԱԺ պատերից ներս են մտել. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ք

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Փողոցային խայտառակ բարքերի մարմնացում հանդիսացող անձիք, որ չունեն համապատասխան գիտելիք և քաղաքականապես սնանկ են, ԱԺ պատերից ներս են մտել և այդ խայտառակ բարքերը փորձում են հաստատել Ազգային ժողովի ներսում։

Նկատելի է, որ գարնանային սրացումների ցիկլի ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմը և Պետական պահպանության ծառայությունը պետք է շատ ուշադիր լինեն նման դրսևորումները միկրոսկոպիկ ճշգրտությամբ կանխելու համար։

Ըստ էության միջադեպի կողմ է հանդիսացել 2016 թվականից ՀՅԴ անդամ, իսկ 2021-2022թթ․ ընթացքում ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի հասարակական հիմունքներով օգնական հանդիսացող Մհեր Սահակյանը, ով 2022թ․-ի դեկտեմբերից դարձել է ԱԺ պատգամավոր։

Նա անձնական մարմնական վնասվածք հասցնելով հանձնաժողովի նախագահին՝ մեծ արագությամբ ճողոպրել է, և իրավապահներին դժվարությամբ է հաջողվել գտնել նրան։

Ամենայն հավանականությամբ տվյալ պատգամավորը պատգամավորական գործունեությունը դեռ չսկսած առաջնորդվել է իր նախկին ղեկավարի շշանետման բացառիկ տպավորությամբ։

Ցանկացած ապակայունացման գործունեություն շարունակություն ունենալ չի կարող։

Երկրի գլխավոր օրենսդիր մարմնում տվյալ պատգամավորին ներկայացնող քաղաքական ուժը այս միջադեպի համար ևս կրում է պատասխանատվություն»։

--00—ԱՊ