Սարգսյանի կորցրած 800 հեկտարը քննադատող ընդդիմադիր Փաշինյանն ի՞նչ կասեր Արցախը հանձնած Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Screenshot 2023-03-31 104937

2016 թ. սեպտեմբերի 10-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասում է՝ «2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն պաշտոնական տվյալներով 800 հեկտար տարածք կորցրեց Սերժ Սարգսյանը արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է, դրանից առաջ 7 տարի, 2000-ից 2007 թվականներին, եղել էր պաշտպանության նախարար: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Վերջերս, ի դեպ, հաճախ է քննարկվում հարցը, թե Սերժ Սարգսյանը հող հանձնո՞ղ է, թե ոչ: Կներեք, բայց հող հանձնելը պոզով պոչո՞վ է լինում: Եթե երկար տարիներ առաջնագծի կենսական պահանջները ոչ միայն չեն լուծվում, այլեւ բացահայտորեն արհամարհվում են, դա հանուն ինչի՞ է արվում, եթե ոչ հող հանձնելու»:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքով մենք կորցրել ենք Արցախի անվտանգության գոտին (Քարվաճառ, Աղդամ, Զանգելան, Կուբաթլու, Լաչին, Ֆիզուլի, Ջեբրայիլ) և նախկին ԼՂԻՄ մաս կազմող Հադրութի շրջանն ու Շուշի քաղաքը: 44-օրյա պատերազմում հայկական կողմը կորցրեց շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Դրանից հետո՝ 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով օկուպացված են ՀՀ մաս կազմող տարածքները, ըստ Փաշինյանի գնահատման՝ 40-45 քառակուսի կիլոմետր տարածք:

«2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք»,–մարտի 24–ին Ազգային Ժողովում նշել էր Արարատ Միրզորյանը:

Երկու օր առաջ էլ՝ գիշերը, մինչև ՀՀ իշխանությունները խիստ «կարևոր» հարցերով էին զբաղված, ՀՀ–ն տարածքային նոր կորուստներն ունեցավ: Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարեց, որ ՀՀ–ն չունի դիրքային կորուստներ, բայց արդեն երեկոյան ԱԱԾ հայտարարության մեջ պարզ դարձավ, որ ադրբեջանցիները հերթական առաջխաղացումն են ունեցել, մինչ պատասխանատուները հանգիստ քնած էին ու հույսը դրել էին բանավոր պայմանավորվածությունների վրա

«Չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել....»,–նշված է հայտարարության մեջ:

Հիմա հարց՝ Սերժ Սարգսյանի կորցրած 800 հետկարը քննադատող, ոչ վաղ անցյալում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կասեր Արցախի մեծ մասը հանձնած, ՀՀ–ն մաս մաս հանձնող Նիկոլ Փաշինյանին, որը արդեն հինգ տարի մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է ու երեկոյան ժամերին ոնց հասկացանք՝ կակաչ է ցանում, մինչ Ադրբեջանը նոր դիրքեր է զբաղեցնում՝ անգամ մինիմալ դիմադրության չհանդիպելով: Իսկ միգուցե ազնվորեն հարցնի ինքն իրեն՝ հող հանձնելը պոզով պոչով է՞ լինում... »։

--00—ՅՄ