Կարճվել է Վարդազարյան-Ջհանգիրյան խոսակցության ձայնագրության վարույթը՝ առանց կողմերին տեղյակ պահելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ջհանգիրյան-վարդազարյան

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության հիման վրա նախաձեռնված վարույթը նորից քննելու փոխարեն Հակակոռուպցիոն կոմիտեն երեք ամիս պահել է այն և կարճել։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ վարույթը կարճվել է։ ՀԿԿ փոխանցմամբ՝ քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը։

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին՝ հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի է ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։

Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ