Վանաձորում փրկվել է «բալգարկայով» վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

վանաձոր բկ

Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել միջին տարիքի տղամարդ՝ դեմքի փափուկ հյուսվածքների շրջանում ջնջխված վերքերով, վերին ծնոտի մասնակի կոտրվածքով:

 Ըստ հարազատների՝ տղամարդը վնասվածքները ստացել է աշխատանքի ժամանակ՝ անկյունային հղկող մեքենայի (болгарка) հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Այդ մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնից․

«Ընդունման պահին տղամարդու վիճակը գնահատվել էր ծանր:

Համապատասխան հետազոտություններից ու առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:

Վանաձորի բժշկական կենտրոնում ավելի քան 3 ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է ծնոտի օստեոսինթեզ, սեկվեստորների հեռացում, տեղային հյուսվածքների պլաստիկա:

Վիրահատությունն անցել է բարեհաջող, տղամարդը գտնվում է հետվիրահատական փուլում: Վիճակը գնահատվում է կայուն, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ