Ծանր դիվանագիտական աշխատանք է գնում, պետք է խուսափենք էսկալացիայից․Կոնջորյանը՝ Լաչինի միջանցքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

photo_2023-03-30_16-44-51

«Միջազգային բոլոր հանդիպումներում մշտապես քննարկվում է հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, եւ դիվանագիտական բոլոր գործիքների կիրառմամբ ամեն ինչ արվում է խնդիրն օր առաջ լուծելու համար»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հայ ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ հարցին։

Երեք երկրների նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ինչպես նաեւ Ժնեւի կոնվեցիայի համաձայն, նրանք պետք է անհապաղ վերադարձվեին Հայաստանին, սակայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերիների հարցը փորձում է դարձնել Հայաստանի վրա քաղաքական ճնշման միջոց:

Պատասխանելով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հարցին՝ Հայկ Կոնջորյանը նախ հիշեցրել է, որ հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ապա փաստել, որ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ «Ծանր դիվանագիտական աշխատանք է ընթանում։ Մենք պետք է դիվանագիտական աշխատանքի տիրույթում մնանք՝ խուսափելով հնարավոր էսկալացիաներից»,- ասել է ԱԺ պատգամավորը՝ նաեւ այս հարցում կարեւորելով միջազգային հանրության դերը։

Խմբակցության ղեկավարը հանդիպման ընթացքում ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների գործառույթները, պատգամավորի լիազորությունները, խորհրդարանական աշխատանքային առօրյան։

Նա ընդգծել է խորհրդարանական կառավարման կարեւորությունը, շեշտադրել, որ այն ժողովրդավարության զարգացման հիմնաքարերից մեկն է։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանգամանալի պատասխանել է ուսանողների բազմաթիվ այլ հարցերի, մաղթել նրանց բարեկեցություն եւ անթերի ուսում։

--00—ՅՄ