Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

15506_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով ներդրվող մեխանիզմների և ենթակառուցվածքներում իրականացվող ծրագրերի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու, ICAO-ին հասանելի տեխնիկական և ֆինանսական գործիքակազմի՝ ՀՀ կողմից հնարավոր օգտագործման և ոլորտին վերաբերելի այլ հարցերի մասին։

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են ինտեսիվացնել համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների և ICAO-ի միջև։

--00—ՅՄ