ԱԱԾ քննիչն առանց որևէ պատճառի ուղղակի մերժել է այցս Միքայել Արզումանյանին․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

1

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչը թույլ չի տվել, որպեսզի պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց անձամբ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

«Պատգամավորական նամակ եմ ուղարկել Միքայել Արզումանյանին այցելելու համար, սակայն ԱԱԾ քննիչը մերժել է։ Պատճառ չի նշել, ուղղակի մերժել է, նպատակահարմար չի համարել»,- նշեց Մանուկյանը։

Ավելի վաղ մերժման մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30–ին։ Նա մեղադրվում է Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեջ։

ՔԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` նախկին բարձրաստիճան զինվորականը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով ու ոչ պատշաճ կատարելով դրանք, որն «անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ