Պարզաբանում Սամվել Բաբայանի բիզնես մենաշնորհներ ունենալու հրապարակումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

95101463_221275402631278_2351031025854840832_n

Մամուլում այսօր հրապարակումներ եղան Սամվել Բաբայանի կողմից Արցախում բիզնեսն իր ձեռքը վերցնելու, մսի շուկայում մենաշնորհ ստեղծելու վերաբերյալ։ Ի պատասխան դրա՝ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ ու ներկայացրել պարզաբանում։

«Տևական ժամանակ է հայաստանյան մամուլը սևեռված է Սամվել Բաբայանի արցախյան գործունեության վրա՝ նրան վերագրելով մենաշնորհային դիրք շուկայում, անտեսվածություն մտավորական շրջանակում, հակազդեցություն «ընդդիմադիր» միջավայրում և այլն։

Այս և նմանատիպ այլ հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում մեկնաբանել․

Ս․Բաբայանը ինքնուրույն գործիչ է և իր գործունեությունը չի պայմանավորում քաղաքական խմբակների դիրքավորմամբ և/կամ նրանց տրամադրություններով։ Նա մերժում է սնանկ ուժերի և անհատների անուններն իր անվան հարևանությամբ, ավելին՝ այդ շրջանակների որևէ տեսակի աջակցությունը որակում է ստվեր իր հեղինակության վրա։ Այս առումով թմբկահարվող միասնականությունն ու համերաշխությունը ոչ թե Ս․ Բաբայանի դեմ է, այլ ի պաշտպանություն տարիներ շարունակ թալանածը ամեն գնով պահելու։ Մեկ անգամ չէ, որ անթաքույց հայտարարվել է վերջիններիս պատասխանատվության ենթարկելու մասին և հենց այս համատեքստում պետք է դիտարկել քաղաքական մահկանացուն կնքած, բայց հարության անփառունակ փորձեր անող շրջանակների ցայտնոտը։

Նույն շրջանակները Ս․ Բաբայանի քաղաքական վերադարձը ամեն կերպ խոչընդոտելու համար, ինչպես տեսնում ենք, շարունակաբար գործի են դնում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ շրջափակված, տարրական կենցաղային կարիքներ ունեցող ժողովրդին կարելի է հեշտորեն մոլորեցնել սոցիալական անհավասարությամբ՝ կոռուպցիոն և ստվերային գործարքների հետ երբևէ չասոցացված Ս․ Բաբայանին և նրա ընտանիքին վերագրելով մենաշնորհային տնտեսական գործունեություն։

Ս․ Բաբայանի որդին, ինպես Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն էլ, մյուս ձեռնարկատերերի պես, անում է օրենքով սահմանված կարգով։ Մամուլը, փաստորեն, Բաբայան ընտանիքին մեղադրում է ոչ օրինաչափ գործունեության մեջ։ Իսկ օրինաչափությունը հանքեր սեփականաշնորհելն է, հիմնադրամներից անտոկոս և անհատույց միլիարդավոր դոլարներ ստանալը, ժողովրդի հաշվին դղյակներ ունենալը, պետական օբյեկտները միմյանց նվիրելը, երկիրը թալանելը, ժողովրդի շալակը ելած ապրելը։ Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում օրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելը, փաստորեն, ոչ միայն հանդուրժելի չէ, այլև պարսավելի։

Ինչ վերաբերում է մենաշնորհին և ներկրվող ապրանքի որակին, ապա պարկեշտ մամուլը լրագրողական հետաքննություն պիտի վարի և փաստական ապացույցներ ներկայացնի, այլապես զրպարտությունից այն կողմ անցնող տեքստերն ընդամենը կարեկցող ժպիտ են առաջացնում»։

--00—ՅՄ