Գործադիրում քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը․ տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման եւ մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։

Բարձրացվել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը եւ առկա խնդիրները։ Հավանություն է տրվել դեպի Ակունք, Մաստարա եւ Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կառուցելու առաջարկությանը։

Անդրադրաձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման եւ տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարեւորությանը եւ այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը։ Հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:

Դիտարկվել են նաեւ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։

Աշխատանքների որակի երաշխիքային ժամկետում պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով քննարկվել է տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։

--00—ԼՄ