Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

խանդանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 27-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակությանը, ներկայացրել իրավիճակը Հայաստանում և  Լեռնային Ղարաբաղում, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին` ընդգծելով, որ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման  հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։ 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Չեխիայի Հանրապետության հետ հիմնված են բարեկամության եւ համերաշխության կապերի վրա:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացներում եւ հետեւողական է Չեխիայի հաջողված փորձին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ըստ նրա` անցած երեք տասնամյակների ընթացքում հաջողվել է զարգացնել միջպետական ջերմ հարաբերություններ ու ներկայում էլ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու փոխգործակցությունը Չեխիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:

Սարգիս Խանդանյանի դիտարկմամբ միջխորհրդարանական համագործակցությունը բավականին ակտիվ է: Նա համոզմունք է հայտնել, որ փոխադարձ այցերը կնպաստեն երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

--00—ՍՊ