Մեր թատրոն չմտած մարդիկ ցանկանում են փակել «Գոյը». Սամվել Թոփալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Թատրոնին չպետք է նայել միայն որպես եկամուտ բերող կազմակերպություն, նա իր գործառույթով լրիվ ուրիշ բանի մասին է, ընկալելի չէ, երբ թատրոնի լավ կամ վատ լինելը կապում են շահույթի հետ: Այսօր լավ թատրոնն այն է, որը շա՞տ է արենդա տալիս, իսկ ո՞ւր մնաց մշակույթն ու գեղեցիկը: Թատրոնի նկատմամբ նման մոտեցումը անընկալելի ու անընդունելի է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության որոշմանը, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական տարածքը նախատեսվում է կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո «Գոյ» թատերախումբ անվամբ:

«Պատճառների մասին բոլորը գիտեն՝ թատրոնի տարեկան պլանի թերակատարում, ծիծաղելի է այս ամենը: Վերջին մեկ տարում շատ հավես ու լավ մթնոլորտ է ձևավորվել թատրոնում, նույնիսկ ամենքիս գերծանրաբեռնվածությունը չխանգարեց լավ աշխատելու համար, ամեն օր 6 ժամից ավելի ստեղծագործել ենք, բայց պարզվեց 3.5 մլնի պատճառով որոշել են թատրոնը փակել, ասում են՝ դուք չեք համապատասխանում էքսպերիմենտալ թատրոնի չափորոշիչներին և դա ասում են մարդիկ, ովքեր վերջին 5-6 տարին թատրոն չեն մտել, այդ դեպքում ինչպե՞ս են որոշում թատրոնի որակը»,-ավելացրեց Թոփալյանը: Դերասանի խոսքով, «Գոյ» թատրոնը 1988 թվականին նորանկախ պետությունում ստեղծված առաջին թատրոնն է՝ Արմեն Մազմանյանի, Սամսոն Ստեփանյանի, Արթուր Սահակյանի, Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ:

«Արմեն Մազմանյանը մի ոտքով Արցախում էր, մյուսով՝ «Գոյ»-ում, նրանք պատահական մարդիկ չեն, գիտակ ու ճաշակով, իրենց մասնագիտությունը լավ իմացող մարդիկ են և իրենք էլ հիմնել են «Գոյ»-ը, իսկ այսօր պատահական որոշումներ են կայացվում թատրոնի ճակատագիրը որոշելու համար: Կարևոր չէ՝ որոշումը ով է կայացրել, Հ. Թումանյանի՝ տարիներ առաջ ասածը մինչև հիմա գործում է՝ թայֆայականություն, պաշտոնն անձնական հարաբերություններ պարզելու տեղ չէ, պաշտոնը ծառայություն է առաջին հերթին քո ազգին, ժողովրդին ու մշակույթին, ցավոք, այդ ծառայելու գիտակցությունը չկա: Մշակույթի զարգացմանն ամբողջ կյանքը նվիրած մարդկանց այսօր նայում են պաշտոնից՝ որպես չերևացող, անկյունում ընկած ինչ-որ մեկի, աբսուրդի է վերածվում ամեն ինչ»,- ընգծեց նա:

Մանրամասները տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ