Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

տ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ:

Ո՞ր հատվածում տեղադրել, ինչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել և այլն:

Գլխավոր խնդիրն այն էր, որ անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք չվերահսկվող տարածք չլինի:

Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլ ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար:

Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում:

Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր:

Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա:

Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների, օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները»:

--00—ԼՄ