Ցեղասպանության 108-րդ տարելիցին Իսրայելում կկազմակերպվեն միջոցառումներ․ Տիրայր քահանա Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

քահանա

Մարտի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատեղիի և ցուցանակի բացման արարողությունը:

Այս նշանակալի իրադարձության, ինչպես նաև Իսրայելի այլ համայքներում կազմակերպվելիք նախաձեռնությունների վերաբերյալ Region Monitor-ը զրուցել է Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանի հետ:

-Հա՛յր Սուրբ, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Մարտի 20-ին Հայֆայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցանակի և շրջանակի բացումը: Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան շատ հյուրեր: Դուք ևս ելույթով հանդես եկաք: Ի՞նչ եք կարծում ինչու՞ միայն այս տարի հնարավոր եղավ իրականացնել այս նախաձեռնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է ոչ միայն Հայֆայում, այլև Իսրայելում առհասարակ:

-Շնորհակալություն հարցերի համար: Նախ ասեմ, որ մարտի 20-ը Հայֆայի հայկական համայնքի համար շատ կարևոր և պատմական օր էր, քանի որ երկար տարիների լռությունից հետո, ինչպես նշել եմ իմ խոսքում, Հայֆայի կենտրոնական փողոցում՝ Բեն Գուրիոն 26 հասցեում, որտեղ տարեկան ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակին նվիրված շրջանակի բացում: Տեղադրվեց ցուցանակ, որտեղ երեք լեզուներով գրված է «Armenian Genocide square», որը նվիրվում է մեկուկես միլիոն նահատակների հիշատակին, ովքեր զոհ են գնացել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ:

Մենք տարբեր հարթակներում Հայոց ցեղասպանության հարցը մշտապես բարձրացրել ենք: Եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ էր, երբ Պետախ Տիկվայում կայացավ Հայոց ցեղասպանության հուշարձանի բացումը, և փաստացի Պետախ Տիկվայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կարելի է ասել, որ այս իրադարձությունը հիմք հանդիսացավ նաև Հայֆայի քաղաքապետարանի որոշման համար: Մենք դեռևս մեկ տարի առաջ՝ մայիս ամսից, սկսել ենք աշխատել Հայֆայի քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի հետ: Անձամբ ես և Հայֆայի «Հոմենեթմեն» (Հայ մարմնամարզական ընդհանուր միություն) կազմակերպության անդամ Անդրանիկ Քաթարյանը մասնակցել ենք քաղաքային խորհրդի կողմից հրավիրված ժողովին և հայտնել մեր խնդրանքը: Մենք մանրամասն ներկայացրել ենք, թե ինչու ենք ուզում, որ Հայոց ցեղասպանությունը վկայակոչող հուշատեղի և հուշարձան լինի: Նշել ենք, որ Հայֆայի հայ համայնքը հիմնել են այն հայերը, ովքեր փրկվել են ցեղասպանությունից և կարողացել են հասնել Հայֆա: 1918 թվականից սկսած՝ հայերը հիմնել են տարբեր կազմակերպություններ՝ օրինակ «Հոմենեթմենի» և «Հոյեչմենի» (Հայ երիտասարդաց միություն) կազմակերպությունները: Ցավով նշում եմ, որ «Հոյեչմենն» այլևս չի գործում: Մինչդեռ 1932 թվականից ազգային գործունեություն է ծավալում  «Հոմենեթմենի» ակումբը:

Ես, երբ Հայոց Պատրիարքարանի կողմից 2011 թվականին նշանակվեցի Հայֆայի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ, սերտորեն համագործակցել եմ «Հոմենեթմենի» հետ: Ազգային և հոգևոր բոլոր ծրագրերը մենք միասնաբար ենք կատարել, որպեսզի շոշափելի արդյունքներ ունենանք:

Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծի հեղինակը Հայֆայի քաղաքային խորհրդի անդամ Նիր Շուբերն է, ով մեկ տարի առաջ եկել էր հայկական համայնք՝ համայնքի հայորդիներ Գևորգ Թաշչյանի, Քրիստին Փանոյանի և այլոց դիմումի համաձայն և ծանոթացել մեր համայնքային գործունեությունը: Մենք նրան ներկայացրել էինք մեր խնդիրը, ինչն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի Նիր Շուբերը լրջորեն այս հարցը քննարկման դնի: Մենք շնորհակալ ենք նրանից, որ նրա հաստատակամության և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց: Անշուշտ, չենք կարող բացառել Հայֆայի քաղաքապետուհի Էյնատ Կալիշի անմիջական մասնակցությունը: Ի վերջո քաղաքապետուհու ստորագրությամբ հաստատվեց քաղաքային խորհրդի այս կարևորագույն ճանաչումը: Նա էլ գլխավորում էր մարտի 20-ին կայացած բացման արարողությունը:

--00—ՍՊ