Նախորդ տարի ՀՀ-ում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 472 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

05263f93-adf3-461d-ad73-10663242415e.jpg

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Այո', միասին մենք կարող ենք հաղթահարել տուբերկուլոզը», ինչը համատեղ ջանքերով նորարար մոտեցումների ներդրում է տուբերկուլոզի (ՏԲ) կանխարգելման և բուժման գործում:

Աշխարհի բնակչության մեկ քառորդը վարակված է տուբերկուլոզով, սակայն ոչ բոլորի` վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ հիվանդությունը։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ ՏԲ-ի 472 դեպք, որից 349-ը՝ թոքային, իսկ 123-ը՝ արտաթոքային։

Կարևոր է նշել, որ մեր երկրում հասանելի են ՏԲ-ի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները:

Տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման համար մեծ նշանակություն ունի բնակչության իրազեկվածությունը:

Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններ, որտեղ կիրականացվեն  առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։

--00—ԶՀ