Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա․ Hetq

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

թթվասեր

Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ, գրում է Hetq.am-ը:

Նախքան լաբորատորիա հանձնելը, թթվասերները տարվել են Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝ մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (կաթնաշոռը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։

Ջերմային ռեժիմը չխախտելու համար թթվասերները հենց գնման նույն օրը լաբորատորիա ենք տեղափոխել հատուկ սառնարանով։

Փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան։

Այսպիսով՝

Փորձաքննված 10 նմուշից 4-ը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Չանախ», «Արզնի կաթ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքատեսակները։

Նմուշներից 3-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. դրանք են՝ «Չանախ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքանիշերի թթվասերները։

Նմուշներից մեկում՝ «Արզնի Կաթ» թթվասերի մեջ, հայտնաբերվել է խմորասնկերի` թույլատրելիից 7 անգամ բարձր քանակ՝ 350 ԳԱՄ/գ։

Նմուշներից 5-ն ունեն մակնշման խախտումներ. դրանք են՝ «Marila», «Ani», «Bonilat» և «Yeremyan products» թթվասերները. ապրանքների անվանումն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

«Չանախ» ընկերության ինչպես թթվասերում, այնպես էլ կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

«Արզնի կաթ» թթվասերում խմորասնկերի քանակը 7 անգամ գերազանցում է նորման, իսկ փորձաքննված կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

«Բիոկաթ» ընկերության թթվասերում, ինչպես նաև՝ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռում հայտնաբերվել էին նաև մեծ քանակությամբ (այնքան շատ, որ այլևս չեն հաշվում) բորբոսասնկեր և խմորասնկեր։

«Բոնիլատ» (Bonilat) ընկերության թե՛ թթվասերում, թե՛ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռի մեջ հայտնաբերվել էին նաև մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ կաթնաթթվային մանրէները եղել էին նորմայից ցածր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՍՊ