Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդես` Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

արամ

 

«Ամեն ոք իր մասին է մտածում, իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու: Եթե ընդահուր ուժերով ճակատ պահելու խոսք է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական խոսքից ու անկեղծությունից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրա հակառակը՝ կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք և պետք է ապավինեք միայն մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Հայկական պետականության հիմնադիր, ՀՅԴ անդամ, ականավոր պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի խոսքերն են, որոնք արդիական են նաև մեր օրերում: Նրա ծննդյան 144-ամյակի առթիվ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցահանդես է կազմակերպվել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի կողմից:

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայր Արամ Մանուկյանի մասին խոսք է ունեցել ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը: «Հաղորդակցվելով նրա հիրավի հերոսական կենսագործունեությանը, որի աշխարհագրությունը ձգվում է Բաքվից մինչև Կարս, Վանից մինչև Երևան, կարող ենք աներկբայորեն հաստատագրել, որ Արամ Մանուկյանը մեզ և գալիք սերունդներին ավետել է մի մեծագույն ազգային կենսաբարոյական նշանակության պատգամ՝ այն է ապավինել միայն ու միայն մեր սեփական ուժերին, երբեք չվհատվել, շարունակել պայքարը՝ հանուն ազատության և անկախության՝ մինչև հաղթական ավարտ: Ասել է թե՝ եթե ուզում ես քո նվիրական հայրենիքում ապրել խաղաղ ու երջանիկ, եթե ուզում ես տերը լինել քո նախնիններից ժառանգած սրբություններին և սրբարաններին, ուրեմն հանուն այդ արժեքների պատրաստ եղիր կատաղի և անզիջում պայքարի: Եվ Արամ Մանուկյանը գործնականում երկու անգամ ապացուցեց Գ. Նժդեհի առաջ քաշած այն հիմնադրույթի անառարկելի ճշմարտությունը, ըստ որի՝ մեզ անհրաժեշտ ուժը պետք է փնտրել միայն մեր մեջ»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ մտովի վերապրելով այդ անասելի ծանր, ճակատագրական, սպառնալիքներով ու զրկանքներով լի իրադարձությունները, կարող ենք վճռականորեն բարձրաձայնել, որ այսօր ապրելով Արցախում, մեր մեծ սրբավայրում հերթական անգամ ի վիճակի ենք կերտել այն նույն հրաշքը, որը ժամանակին կերտվել է Վանում, Սարդարապատում, Շուշիում:

Արամ Մանուկյան պետական, կուսակցական գործչի մասին ելույթներով հանդես են եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը:

հյդ

Վերջինիս խոսքով՝ Արամ Մանուկյանն առաջին հերթին եղել է եղել է ՀՅ Դաշնակցության գործիչ և դա է պատճառը, որ մինչև հիմա Արամ Մանուկյանի անվան փողոց չունենք Ստեփանակերտում. «Ժամանակին, երբ ապամոնտաժվեց Լենինի արձանը, խնդիր առաջացավ նաև Լենինի փողոցը վերանվանել: Այդ ժամանակ ես Արամ Մանուկյան ենթակոմիտեի նախագահն էի, առաջարկեցինք, որ Լենինի փողոցը վերանվանվի Արամ Մանուկյանի անունով, որովհետև Լենինը հանդիսանում էր Սովետական միության հիմնադիրը, իսկ Արամ Մանուկյանը՝ ազատ ու անկախ Հայաստանի հիմնադիրը:
 

հյդ

Բնականաբար այն ժամանկվա ՀՀՇ-ի ներկայացոցիչները դեմ էին և նրանց կողմնակից էին նաև կոմունիստները: Որպես միջանկյան տարբերակ առաջարկեցին «Երևանյան փողոց» անվանումը, այնուհետև Վազգեն Սարգսյանի եղերական մահից հետո փողոցը կոչվեց նրա անունով: Այս պահին մենք մեր հանրապետության մայրաքաղաքում չունենք Արամ Մանուկյանի անունով փողոց»,- ասել է Աշոտ Սարգսյանը՝ առաջարկելով Զորգե փողոցը վերանվանել Արամ Մանուկյանի անունով, նրա անվամբ զգոսայգի կառուցել:

--00—ՍՊ