Ասկերանում շրջափակման պատճառով դադարեցված են բոլոր շինարարական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ասկերան

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին կամ չեղարկվեցին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով շրջափակման 100 օրվա հետևանքով առաջացած խնդիրներին ու լուծումներին:«Դժվարություններ են առաջացել դեպի մայրաքաղաք ուղևորափոխադրումներն ապահովող ընկերությունների գործունեության մեջ, ինչն ավելի սուր զգացվել է գազամատակարարման հաճախակի անջատումների ժամանակ։

Աշխատում ենք առկա ռեսուրսները գերխնայողաբար օգտագործելու ռեժիմով, իրականացնում ժամանակաշրջանի և իրավիճակի թելադրանքով ստեղծված ծրագրերը` ըստ անհրաժեշտության և առաջնահերթության: Առաջնորդվում ենք Կառավարության որոշմամբ սահմանված վառելիք ձեռքբերելու հատուկ կարգով»,-ասել է Հ. Ապրեսյանը։

«Շրջանի տարածքում ներկայում դադարեցված են բոլոր տեսակի շինարարական, վերականգնողական աշխատանքները: Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կասեցրել են իրենց գործունեությունը, մեծ է գործազուրկների թիվը։ Բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելու նպատակով Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից կյանքի են կոչվում աջակցության տարբեր ծրագրեր, որոնցից մեծապես օգտվում են նաև շրջանի բնակիչները։ Օգնության հիմնական շահառուները միայնակ ծերերն են, բազմազավակ և անապահով ընտանիքները»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման պատճառով Ասկերանի շրջանում նույնպես երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կրթություն ստանալու, նախակրթարան և մանկապարտեզ հաճախելու իրավունքներից։
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ