ՌԴ-ում քրգործ են հարուցել Միջազգային քրեական դատարանի դեմ՝ Պուտինի ձերբակալման հրահանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

bcf1f7fa-7eba-4ca6-94ad-efd1877f356a.jpg

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը:

«2023 թ. փետրվարի 22-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանը քրեական հետաքննության շրջանակներում միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի II Նախաքննական պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ձերբակալելու հրաման ստանալու համար։ Այս միջնորդության հիման վրա Միջազգային քրեական դատարանի վերոնշյալ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին ձերբակալելու անօրինական որոշումներ են կայացրել», - նշված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ըստ գերատեսչության՝ քրեական հետապնդումն անօրինական բնույթ է կրում, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:

ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման հրամանը գործելու է մինչև նրանց կյանքի վերջը:  

--00—ԶՀ