Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

2752ca1f-60d4-4e5c-bbdc-5b78362db275.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին Միջազգային քրեական դատարանի որոշման հետևանքները «հրեշալի» կլինեն: Նման հայտարարություն է արել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր Telegram ալիքում, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Եվ ահա որոշել են դատել մեկ այլ միջուկային տերության ղեկավարի, որը ՄՔԴ-ի մասնակից չէ, ինչպես և ԱՄՆ-ն ու այլ երկրները… Հասկանալի է, որ սա որևէ պրակտիկ արժեք չունի, բայց շնորհակալություն, որ հիշեցիք: Իսկ միջազգային իրավունքի համար հետևանքները հրեշալի կլինեն. չէ՞ որ սա իրավունքի հիմքերի, սկզբունքների փլուզումն է», - գրել է Մեդվեդևը՝ հավելելով, որ այլևս ոչ ոք միջազգային ոչ մի ատյանի չի դիմի, բոլորն «իրար մեջ կպայմանավորվեն»:

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև դատավորներին խորհուրդ է տվել ուշադիր նայել երկնքին:

«Միանգամայն հնարավոր է պատկերացնել հիպերձայնային կրող հրթիռի թիրախային կիրառումը Հյուսիսային ծովում գտնվող ռուսական նավից: Այն, ավաղ, հնարավոր չէ խոցել: Իսկ դատարանն ուղղակի թշվառ միջազգային կազմակերպություն է, ոչ թե ՆԱՏՕ-ի երկրի բնակչություն։ Դրա պատճառով պատերազմ էլ չեն սկսի։ Կվախենան։ Եվ ոչ ոք չի խղճա: Այնպես որ, քաղաքացի՛ դատավորներ, ուշադի՛ր նայեք երկնքին», -եզրափակել է Մեդվեդևը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային հրամաններ է տվել: Դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ:

--00—ԶՀ