Պատրաստ ենք աջակցել Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի նախապատրաստման կարևոր գործընթացին․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ՌԴ-ԱԳՆ-1

Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խթանումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն: Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության և լիարժեք համագործակցության վերականգնման հիմնական պայման։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի ՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է վաղը Մոսկվայում  Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է իր պատասխանատվության գոտում անվտանգության պահպանմանը։ Խաղաղապահներն օգնում են փախստականների վերադարձին, խաղաղ կյանք հաստատմանը, ականազերծմանը, միջնորդում են ռազմագերիների և կալանավորների փոխանակմանը, ինչպես նաև մարդասիրական պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Ռուսաստանի ջանքերի կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն է։ Փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համաձայնեցվում է կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթ, որը թույլ կտա ստեղծել երկաթուղային և ճանապարհային հաղորդակցություն, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի վերականգնմանը։

Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակությանը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այս չափազանց կարևոր գործընթացին՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից։

Հումանիտար ոլորտում շփումները կոչված են ամրապնդելու վստահությունը Երևանի և Բաքվի միջև։ Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների և փորձագիտական շրջանակների փոխգործակցությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։

--00—ՅՄ