Քաղաքապետի հրաժարականը սպասելի էր, որպես ընդդիմադիր եմ ասում` նա փայլուն աշխատանք էր կատարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

photo_2023-03-18_15-09-30

Բոլորի համար էլ սպասելի էր Հրաչյա Սարգսյանի հրաժարականը, վաղուց արդեն խոսվում էր դրա մասին։ Այս մասին 24News-ին ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ Երեւանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հեռանալուն։

Վարդանյանն ասաց, որ բոլորն էլ գիտեին, որ Սարգսյանը ժամանակավոր կառավարիչ է. «Պատճառները որո՞նք էին, թե՞ նա ուղղակի ստվերել էր իշխող կուսակցության՝ քաղաքապետի հաջորդ թեկնածուին, թե՞ այլ բան, բայց չեմ կարծում՝ ներքին խռովություններ կային։ Պարոն Սարգսյանը փայլուն կատարել է իր աշխատանքը, սրանում միանշանակ վստահ եմ։ Չեմ ամաչի այս մասին բարձրաձայնել որպես ավագանու ընդդիմադիր անդամ»։

Ըստ Վարդանյանի՝ Սարգսյանի հետ ունեցել են վերջին 6 տարիներին ամենակառուցողական աշխատանքը, ամենակառուցողական բյուջեի հաշվետվությունը. «Աշխատանքն էապես շոշափելի է քաղաքում, բյուջեն գերակատարվել է շուրջ 102 տոկոսով։ Պարոն Սարգսյանը, անկախ տարբեր խոսակցություններից, անկախ տարբեր վայրիվերումներից, որպես քաղաքապետ իր գործառույթները կատարել է, սրանում վստահ եմ։ Տեսել եմ աշխատանքը թե՛ քաղաքապետարանից դուրս, թե՛ քաղաքապետարանի ներսում»։

«Սակայն ինձ համար ցավալի է, որ պարոն Սարգսյանը հրաժարական տվեց մինչեւ հաջորդ ընտրությունները»,- ընդգծեց ավագանու անդամը։

Ինչ վերաբերում է փոխքաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին, ապա Վարդանյանն ասաց, որ վերջինի մասով կարող է գնահատական տալ որպես փոխքաղաքապետի. «Որպես փոխքաղաքապետ նա աշխատում է վարչական շրջանների ղեկավարների հետ։ Նրա աշխատանքը գնահատում եմ արդյունավետ, որովհետեւ անընդհատ շարժի մեջ է, անընդհատ հանդիպումներ է ունենում վարչական շրջաններում։ Դա կարող ենք մեկնաբանել որպես քարոզարշավ, կարող ենք մեկնաբանել որպես կառավարությունից եկած մարդ, ով, ըստ էության, տեղյակ է, կարող ենք վատաբանել, կարող ենք լավաբանել։ Բայց այս պահի դրությամբ Ավինյանը Երեւանի փոխքաղաքապետերից մեկն է»։

«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ավինյանին կգրանցի որպես քաղաքապետի թեկնածու, այդ պահին կկարողանամ կարծիք հայտնել նրա մասին որպես թեկնածուի։ Այս պահին փոխքաղաքապետ է, ով հնարավորինս իրականացնում է իր լիազորությունները»,- հավելեց ավագանու անդամը։

Վարդանյանն ասաց, որ դեռեւս որոշում չունի Երեւանի հաջորդ ՏԻՄ  ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ «Ավելի շատ հակված եմ դադարեցնել աշխատանքս որպես ավագանու անդամ։ Չեմ կարծում, թե կմասնակցեմ, որովհետեւ այս պահի դրությամբ ինձ որեւէ թիմի անդամ չեմ տեսնում։ Մնացյալը ժամանակը ցույց կտա, այս պահի դրությամբ զբաղված եմ իմ աշխատանքով»,- եզրափակեց նա։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ