Կրակոց՝ Ջրվեժ գյուղում․ գլխուղեղի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա տղամարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

d2e83f38-8d9b-423a-bb67-ae4a5d66a020 (1).jpg

Երեկ՝ մարտի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի վնասվածք, կոմա, հրազենային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 50-ամյա Ժորա Գ․-ն է։

Արդեն տեղում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի  6-րդ փողոցից։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել Կոտայքի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, վաշտի հրամանատար Արմեն Ավետիսյանը և պարեկներ Նիկոլայ Կաղյանն ու Վահան Թորոսյանը, քանի որ դեպքի վայրին կան հարակից մի քանի փողոցներ։

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը։

Քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է արնանման հետքեր, գլխարկ, որը, հավանաբար վիրավորինն է և հանցագործության հետ առնչվող այլ կարևոր իրեր։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել  է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ու կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործությոյան գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը․ ժամանել են նաև Կոտայքի մարզի դատախազության 2 դատախազ։

--00—ԶՀ