«Մուտքի դռան վրա բենզին լցվեց, դուռն էլ կպավ»․ զորամասի հրդեհի գործով անցնող սպան ցուցմունք է տվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

իի

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանի հրդեհի քրեական վարույթով մեղադրյալ, զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք է տվել, ինչ մասին պատրաստակամություն էր հայտնել դեռևս շուրջ 10 օր առաջ։ Այս մասին 24News-ին ասաց նրա փաստաբան, Երևանի զինվորական կայազորի նախկին դատախազ Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ սպայի վատառողջ վիճակի ու հարցաքննության 4 ժամը լրանալու պատճառով ցուցմունքն անավարտ է մնացել։

«Ցուցմունքը վերաբերել է նրան՝ ինչպես է հրդեհը բռնկվել, որ ինքն է փորձել վառարանը վառել, որքան բենզին է լցրել, որտեղից է բերել, ինչ գործողություններ է կատարել այդ ժամանակահատվածում։ Մանրամասն ցուցմունք է տվել»,- նշեց փաստաբանը։

Հովսեփ Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել հրդեհի մասին Նիկոլ Փաշինյանի խոսքը, որում վերջինս ասել էր, թե հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ նա բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ․ «Եղիշեն հայտնել է, որ վառարանը վառելու համար գնացել, բենզին է բերել 5 լիտրանոց պլաստմասսե տարրայով, որի մեջ եղել է մոտ 2․5լ բենզին։

Վառարանի մեջ տեղադրված փայտի կտորների վրա մի սուրճի բաժակի չափով բենզին է լցրել, որ վառի։ Եղիշեն պատմեց՝ «Բայց փայտը չվառվեց, մի 10 վայրկյանով կռացա դեպի վառարանը, բոցը միանգամից շատ ուժեղ տվեց դեմքիս»։ Բոցը նաև տարրային էլ է հասել այն տեղից, որտեղով փայտն են դնում։ Ասում է՝ «Կանեստրն էլ բռնկվեց, ես այդ պահին կանեստրը դրեցի գետնին, տեսա, որ դա էլ է բռնկվել, հաջորդ պահին շինությունից դուրս եմ շպրտել կանեստրը»։

Ասում է՝ «Երևի շպրտելու պահին մուտքի դռան վրա էլ բենզին լցվեց, մուտքի դուռն էլ կպավ»»։ «Դրանից հետո 15-20 րոպես ժամանակ է եղել, մինչև կրակը հասել է այն ննջարանը, որտեղ զինվորները քնած են եղել։ Ասում է՝ «Բայց նույն պահին, որ բոցը տվել է դեմքիս, շատ ուժեղ գոռոցներ եմ հանել, շատ ուժեղ ձայներ եմ հանել»։

Իր հետ նույն սենյակում եղած Լյովա անունով զինծառայողը ևս մտել է ննջարան, ձայն է տվել տղաներին, համենայնդեպս, իմ պաշտպանյալի համար զարմանալի է, որ մյուս զինվորները չեն կարողացել դուրս գալ։ Առավելևս, որ 15-20 րոպե ժամանակ է եղել, մինչև կրակը կհասներ ննջարան»,- նշեց պաշտպանը։

Սարգսյանն ասաց, որ սպան դռնով է դուրս եկել շինությունից։ Ըստ փաստաբանի՝ սպայի խոսքերը ցույց տվեցին, որ անվտանգության նորմերը պահպանված չեն եղել, համապատասխան միջոցներ չեն եղել։ Հարցին՝ սպան նախկինում զեկուցե՞լ է զորամասի հրամանատարությանը վերոնշյալ խնդիրների վերաբերյալ, Սարգսյանը պատասխանեց, որ իր պաշտպանյալն այդ ինժեներասակրավորական վաշտի պատասխանատուն չէ․ «Պատասխանատուները վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարն են։ Հետևաբար՝ ինքը նման պարտավորություն չուներ։ Բայց որ անվտանգության միջոց չի եղել, անվտանգության կանոնները չեն պահպանվել, ակնհայտ է։ Զինվորական ծառայության կանոնակարգի ակնհայտ կոպիտ խախտումներ են եղել, ես դա երեկ Եղիշեի ցուցմունքից հասկացա»։ Փաստաբանն ասաց, որ նախ սպան փորձել հրդեհը մարել, չի կարողացել, որից հետո նոր դուրս է եկել։ «Մոտ 10 րոպե փորձում էի մարել, չկարողացա։ Դրա համար է ասում՝ 15-20 րոպե ժամանակ է եղել, մինչև կրակը հասել է ննջարան։ Ինքը որևէ մեկնաբանություն չի տվել»։

Սպան ցուցմունք է տվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում, որտեղ պառկած է հունվարի 19-ից։ Նրա նկատմամբ փետրվարի 1-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ, նրանից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Հետագայում կենտրոն տեղափոխվածներից մեկը, որը ժամկետային զինծառայող է, տեղափոխվել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ