22-ամյա երիտասարդը բժիշկներին ասել էր՝ սառույցի վրա վայր է ընկել, մինչդեռ հրազենային վնասվածք ուներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

կրակոց

Փետրվարի 8-ին կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի ծակած վերք, թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է սառույցի վրա վայր ընկնելու հետևանքով։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, իրավապահները պարզել են՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Արթուր Բ․-ն է, և նրա հայտնած տեղեկությունը, թե սառույցի վրա է ընկել, իրականությանը չի համապատասխանում։

Ոստիկաննները տաք հետքերով պարզել են, որ Արթուր Բ․-ն Քոչինյան փողոցում վիճաբանել է Երևանի բնակիչ 22-ամյա Մկրտիչ Չ․-ի և Կոտայքի մարզի բանկիչ 26-ամյա Տիգրան Մ․-ի հետ, որի  ժամանակ Արթուր Բ․-ն ծեծի է ենթարկել Տիգրան Մ․-ին, ինչից հետո վերջինս դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակել է Արթուր Բ․-ի ուղղությամբ, ով էլ ստացել է նշված վնասվածքը։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Տիգրան Մ․-ին, Մկրտիչ Չ․-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար։ 

--00—ԼՄ