Հայրենադարձության համար դիմումներն աճել են․ վարչապետը լսել է Սփյուռքի գրասենյակի հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից աշխատանք է իրականացվել 4 ուղղությամբ՝ հայրենադարձության խթանում և ինտեգրում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորում և Սփյուռքի համայնքների ներուժի վերհանում:

Նշվել է, որ 2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որի մասնակիցների թիվը հասել է 240-ի: Սփյուռքահայ ընտանիքներին տրամադրվել են ինտեգրման աջակցության փաթեթներ: Ընթացքի մեջ է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որի բացումը նախատեսվում է 2023թ. գարնանը:

2022թ. առաջին անգամ անցկացվել է Համաշխարհային հայկական գագաթաժողովը՝ 45 երկրից 600 մասնակցով: Հաջող իրականացվում են «իԳործ», «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Շարունակվում են Սփյուռքի ներուժի վերհանման և սփյուռքահայ համայնքների ուսումնասիրությունները: Ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հուշագիրը, որի շրջանակում նախատեսվում է փորձի փոխանակում, կրթամշակութային և երիտասարդական համատեղ միջոցառումների իրականացում և այլն:

Մշակվել և շրջանառվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մշակվել է նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: Նշված փաստաթղթերն առաջիկա ամիսներին կներկայացվեն Կառավարության քննարկմանը: Ի թիվս մի շարք ծրագրերի՝ ընթացքի մեջ են համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման, Սփյուռքահայ խորհրդի ձևավորման, տնտեսական ակտիվության խթանման, բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքները: 2023թ. նախատեսվում են մի շարք նոր նախաձեռնություններ:

Նշվել է, որ Գրասենյակը շարունակական հանրային իրազեկում է իրականացնում իր ծրագրերի վերաբերյալ՝ ներկայացված լինելով սոցիալական բոլոր հարթակներում:

Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Վարչապետը կարևորել է հայրենադարձությունը խթանող ծրագրերը և հանձնարարել աշխատանք սկսել հայրենադարձության հայեցակարգի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը, Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում, նշել է համայնքներում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի կարևորությունը, որի ներդրումը կխթանի կապերի վերաիմաստավորումը: «Համաշխարհային հայկական գագաթաժողովի ձևաչափը ևս Սփյուռքի հետ հարաբերությունների փոխակերպման լավ հարթակ է, և այն պետք է զարգացնել», - նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է Սփյուռքից բարեգործական նախաձեռնությունների համակարգման գործընթացի վրա և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում:

--00—ԼՄ