Դպրոցներում սառը զենքի կրումը կանխելու միջոցառումների մասին․հնարավոր է արգելվող իրերի ցանկ ստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Փետրվարի 7-ին ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ անչափահասների անվտանգության ապահովման և նրանց վտանգներից զերծ պահելու վերաբերյալ աշխատանքային հանդիպում-քննարկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հանդիպմանը մասնակցում էին գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ և երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը:

Քննարկվեցին անչափահասների կողմից հիմնականում դպրոցներում սառը զենքի և այլ վտանգավոր ու վնասակար առարկաների կրման և գործածման դեպքերը կանխելու, նրանց արատավոր երևույթներից զերծ պահելուն ուղղված միջոցառումներ:

Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը անչափահասներին վտանգավոր երևույթներից զերծ պահելու առումով կարևորեց միջգերատեսչական համագործակցությունը և պատկան մարմինների աջակցությունը:

Առաջարկներ հնչեցին դպրոցներում արգելվող իրերի ցանկ ստեղծելու վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը, հանդես եկան այլ առաջարկներով և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը:

--00—ՅՄ