Իրենց ուղեղին համապատասխան են հասկանում. Միքայել Սրբազանը՝ ՔՊ քննադատության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Ս

Ես պատասխանատու եմ իմ ասածի ահամար, իրենց հասկացած-չհասկացածի համար պատասխանատու չեմ։ Այս մասին 24News-ին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, շիրակցի Էմմա Պալյանի այսօրվա խորհրդարանական հայտարարությանը։

«Չեմ էլ ցանկանում արձագանքել։ Իրենք հասկացել են այնքան, ինչքան ի վիճակի են հասկանալ։ Իրենք իրենց ուղեղին համապատասխան են հասկանում։ Ես պարտավոր չեմ իջնել իրենց մակարդակին։ Եվ մի բան էլ բացատրել, թե ինչ եմ ասել, որ իրենք էլ հասկանան»,- ընդգծեց Շիրակի թեմի առաջնորդը։

Այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը, ներկայացնելով հոգևորականի խոսքը, ասել էր, թե Աջապահյանը հայ զինվորին է մեղադրել Լաչինի միջանցքը փակելու մեջ։ «Հուսով եմ՝ գոնե լսումներից անմիջապես հետո բոլորով գնացել եք եկեղեցի և Աստծուց ներում եք հայցել»,- ելույթը եզրափակել էր Պալյանը։

Փետրվարի 3-ին Բերձորի (Լաչին) թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ առկա է ինֆորմացիայի լրջագույն պակաս, «որպեսզի հասկանա, թե որտեղ ենք մենք»։

«Այսօր երբ ես ուզում եմ գնալ Արցախ, ինձ ադրբեջանցին չի կանգնեցնում, չի կանգնեցնում նաև ռուսը, կանգնեցնում է հայ զինվորը, ասում է՝ «չես կարող գնալ»։ Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը։ Էս ամեն ինչն արվում է Հայաստանի այսօրվա իշխանության թողտվությամբ, թույլտվությամբ, և այո՛, ես լրջագույն կասկած ունեմ, որ համաձայնությամբ։

Եվ այստեղ ես թաքուն համաձայնություն եմ տեսնում (երբ որ կբացահայտվի, երևի) Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Սա պետք է քանդել, սա պետք է բացել։ Եվ այո՛, ես անթաքույց եմ եղել այդ իմաստով այս իշխանությունների քննադատության մեջ։ Եվ շարունակելու եմ, բայց չեմ էլ կիսում էն ծայրահեղ առավելապաշտական քարոզները, որոնք այն պարզ մտածումն ունեն՝ հենց նրանք հեռանան, ամեն ինչ լավ է լինելու։ Ո՛չ, շատ ավելի վատ է լինելու, որովհետև այնպիսի փոսի մեջ ենք, որ այդ փոսի մեջից դուրս գալը պրագմատիկ եղանակով շատ դժվար է լինելու»,–ասաց արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ