Մարտունիում արձանագրվել են ակոսափող հրացանի, Ճամբարակում՝ «Կալաշնիկովի» կամավոր հանձնման դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Արդյունավետ էր հատկապես Արագածոտնի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մասնավորապես, Աշտարակի և Ապարանի բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Երկու հրազենի կամավոր հանձնման դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Թալինի բաժնում։ Հրազենները բաժին էր բերել Մաստարա գյուղի մի բնակիչ։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողները։ Արմավիրի բաժնում արձանագրվել է որսորդական հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Հրացան ու ռազմամթերք Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է նաև Բաղրամյան գյուղի մի բնակիչ։

Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Արտաշատի բաժնում արձանագրվել են ռազմամթերքի և ինքնաձիգների, այդ թվում՝ «Կալաշնիկովի», Արարատի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Արդյունավետ էր նաև Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Գավառի բնակիչներից մեկը մարզային վարչությունում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Լանջաղբյուր գյուղի մի բնակիչ էլ Գավառի բաժին էր բերել հրացան ու փամփուշտներ։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողները։ Մարտունիում արձանագրվել են ակոսափող հրացանի և ռազմամթերքի, Ճամբարակում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Իջևանի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։

Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնում էլ արձանագրվել է ոստիկանության Նաիրիի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր Գորիսի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ