Մրցույթ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում նոր թեկնածուներ ներգրավելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

084ce8bf-4449-4e7a-b286-4f8e1423c86a.jpg

2023 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի թիվ 5 որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը և հաստատվել անհատական կազմը: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ ընտրվել են թեկնածուներ Դավիթ Հակոբյանը և Ռաֆիկ Գրիգորյանը:

Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 111-Ա որոշման 29-րդ կետի համաձայն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող  է կազմված լինել առավելագույնը հինգ անդամից:

Վերոգրյալի շրջանակներում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը համալրելու նպատակով:

Թեկնածուների  հայտերի ներկայացման կարգ.

Սահմանված ձևով կազմված հայտերը թեկնածուների կողմից ներկայացվում են սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում (2023 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 21-ը ներառյալ):

Հայտ կարող են ներկայացնել՝

1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և

2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:

Հայտին կից ներկայացվում են`

1) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ),

2) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,

3) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.

4) հայտարարություն՝ համաձայն սահմանված ձևի.

5) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն սահմանված ձևի).

6) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) անհրաժեշտ է ուղարկել [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

Հանձնաժողովի կազմում ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում Խորհրդի կողմից Խորհրդի քարտուղարության միջոցով ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:

Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում թեկնածուն դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:

Երկրորդ փուլում մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները, որոնք բավարարում են մատնանշված չափանիշներին հրավիրվում են մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստերը դռնփակ են: Հարցազրույցի անցկացման նպատակով գումարվող Խորհրդի նիստի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, որը Խորհրդի որոշմամբ կարող է տրամադրվել այլ անձանց՝ վերջիններիս պահանջով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է թեկնածուին ուղղելու հարցադրումներ՝ բացահայտելու համար թեկնածուի բարեվարքությունը և մասնագիտական որակները:

Մրցույթի անցկացման մանրամասները սահմանված են Խորհրդի 16.02.2022 թվականի որոշում:

Թեկնածություն ներկայացրած անձանց ցանկը (անուն, ազգանուն) ենթակա է հրապարակման ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում:

Հարցերի համար՝ հեռ.՝ 010594053։

--00—ԶՀ