Բաքուն մի քանի օր առաջ խաղաղության պայմանագրի մասով հերթական առաջարկներն է ներկայացրել Երևանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ խաղաղության պայմանագրի մասով հայկական կողմը Ադրբեջանից ստացել է հերթական առաջարկները։

«Դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը, այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը, և չնայած այս հանգամանքին՝ մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ, և պետք է նաև ձեզ տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները»,-ասել է նախարարը, ապա հավելել, որ հայկական կողմը շարունակում է աշխատել տեքստի վրա մի քանի փուլերով և միմյանց փոխանցելով առաջարկներ։

«Թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, այնուամենայնիվ, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ։ Ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են»,-ասել է նա, ապա հավելել, որ, այդուամենայնիվ, բանակցությունները հարթ ընթացք չունեն, դրան խոչընդոտում են նաև ատելության քարոզը հայերի նկատմամբ՝ անկախ նրանից դա ՀՀ-ն է՞, թե՞ ԼՂ-ն, ինչպես նաև գետնի վրա ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, հայկական տարածքի օկուպացիան, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը։

«Ուզում եմ կրկին ընդգծել՝ մենք շատ վճռական և հաստատակամ ենք խաղաղության օրակարգին, և մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,-ասել է նա։

--00—ԼՄ