Թուրքիայում հայերի շրջանում 6 զոհ կա, 4-ը փլատակների տակ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

a289711a3a5551cf890d9a3cd56f61ab_1675750622

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո շատ ծանր վիճակ է, հայերի շրջանում հաստատված 6 զոհ կա։ Այս մասին 24News-ին ասաց պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Էստուկյանն ասաց, որ ևս 4 հոգի փլատակների տակ են, գուցե արդեն մահացած լինեն․ «Եղանակն էլ շատ ցուրտ է, դժվար են փրկարարական աշխատանքներն իրականացվում»։

Ըստ նրա՝ Թուրքիա Հաթայի մարզի (պատմական Կիլիկիայի տարածքում) հայաբնակ Վաքըֆ գյուղի բնակչությունը պատսպարվել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

«Ակոսի» խմբագիրը նշեց, որ Թուրքիայում փրկարար ջոկատների թիվը չի բավարարում, փրկարարական աշխատանքներին միացել են նաև կամավորներ։ Արտասահմանյան օգնությունը նույնպես սկսել է։

Ինչ վերաբերում է ջրով, սննդով հայ համայնքի որոշ ներկայացուցիչներին ապահովելուն, ապա Էստուկյանն ասաց, որ փոխադրելու դժվարություններ կան։ «Հաթայի օդակայանը անգործածելի է, վազքուղիները քանդվել են, ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել»,- ասաց պոլսահայ լրագրողը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ