Պռոշյան փողոցում անհայտ անձինք հարձակվել են օտարերկրյա քաղաքացու վրա և գողացել դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

177740

Հունվարի 12-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա և հափշտակել դրամապանակը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել: 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 02.50-ին անհայտ անձը հետևից փաթաթվել էր իրեն, միասին ընկել էին, այդ ընթացքում նա իր դրամապանակից հափշտակել էր գումար ու հեռացել:

Փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ավազակությունը կատարել են 25-ամյա, 22-ամյա և 19-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Վարդենիսի, երկուսը՝ Էջմիածնի բնակիչ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին, ժամը 23.00-ին, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանական ցուցմունք տվեց, որ նշված արարքը կատարել է էջմիածինցի երկու ընկերների հետ:

Հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումների արդյունքն օրեր անց էր:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում հայտնաբերվեց 19-ամյա երիտասարդը: Նույն օրը Էջմիածնի Չարենցի փողոցում հայտնաբերվեց նաև 22-ամյա երիտասարդը: Երկուսն էլ ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվեցին քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ