Ադրբեջանի հետ օրակարգի բացակայությունը բերելու է նրան, որ ՌԴ-ն սկսի աջակցել Բաքվին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

photo_2023-02-02_19-48-59

Հայաստանում արդեն տեղակայվել են Եվրոպական միության դիտորդներ, ԵՄ-ի հետ կա մրցակցություն նույնիսկ անվտանգության ոլորտում, Ռուսաստանը կարող է դուրս մղվել տարածաշրջանից և դրա համար հետաքրքրված է, փորձում է իր ազդեցությունը պահել։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին այսօրվա հայտարարությանը։

Միքայելյանը դժվարացավ նշել, թե պաշտոնական Երեւանն ինչպես պետք է արձագանքի ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկին. «ՀՀ իշխանություններն արդեն իրենց դիրքորոշումն ընդգծեցին։ Հիմա տարվող քաղաքականությունը, որը բերում է ՀՀ տարածքում գերտերությունների առճակատման, բավականին վտանգավոր է»։

«Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանի խոսքերով՝ եթե Ռուսաստանում համարեն, որ Հայաստանի հետ հարաբերությունները սպառված են, ապա ավելի շեշտը կդնեն Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա. «Եվ ավելի հավանական է, որ Ադրբեջանը կստանա Ռուսաստանի աջակցությունը»։

Անդրադառնալով Մոսկվայի՝ Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու առաջարկին՝ Հրանտ Միքայելյանն ասաց, որ առաջնային այն չէ, թե բանակցային որ ֆորմատն է ընտրվում, ում հետ և ում միջոցով են խոսում, այլ այն, թե ինչի մասին են խոսում, ինչի մասին է Հայաստանի օրակարգը։

«Ըստ իս՝ Հայաստանի օրակարգը պետք է լինի ոչ թե ցանկացած գնով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելը, այլ՝ Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը պահելը, առավելագույնս պաշտպանելը։ Այս պարագայում ավելի պարզ կլինի՝ ինչպես, ում միջոցով, ում հետ խոսել։ Եթե օրակարգ չունենք, կարևոր չէ, թե ուր ենք գնում։

Տեսնում ենք, որ օրակարգի բացակայությունը փոխում է ընդհանուր բանակցային գործընթացը։ Ցանկացած միջնորդ նայում է 2 կողմերի օրակարգին, ինչ-որ միջին կետն է ընտրում։ Եվ այդ միջին կետն անընդհատ շեղում է դեպի Ադրբեջանի շահերը, որովհետև առհասարակ բոլոր հրապարակված փաստաթղթերով միայն Ադրբեջանի շահերն են ընդգծված։

Մեր առաջին խնդիրը պետք է լինի արտաքին և դիվանագիտական կողմնորոշումը դեպի մեր շահերն ուղղելը, ոչ թե մտածել Արևմուտքի կամ Ռուսաստանի մասին։ Ընդհանրապես այս սառը պատերազմական տրամաբանությունը շատ է հնացել և բովանդակազուրկ է»,- եզրափակեց քաղաքագետը։

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական, այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի։ «Այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց խաղաղապահ գործողություն տեղակայելու ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Եվ եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում»,- ասել էր Լավրովը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ