«Շարունակելու են աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին». ԵԽ արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

04aa4f4d-8cb9-42c4-9c23-ede1a3f34c7e.jpg

Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ իմ գրություններին:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«-Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։

-Մարդու իրավունքների առաջատար այս կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին մասնավորապես ահազանգել եմ Ադրբեջանի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջի կողմից արված հայտարարության մասին՝ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու վերաբերյալ։

-Բերձորի միջանցքի արգելափակումից ի վեր գրություններիս առանցքում են եղել Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքով 120 000 արցախահայության մոտ առաջ եկած կենսական կարիքների բավարարման անհրաժեշտությանը, ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազի և էլեկտրաէներգիայի անջատումներին և առհասարակ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը։

-Հատուկ անդրադարձ եմ կատարել նաև Ադրբեջանի կողմից 19 հայ երեխաներին էմոցիոնալ և հոգեբանական բռնության ենթարկելու անթույլատրելի միջադեպին, որը պետք է դառնա հետաքննության առարկա իրավասու միջազգային օղակների կողմից։
Այս գրությունների կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն․ Միրոսլավ Պապայից ստացել եմ պատասխան նամակներ, որոնց համաձայն՝

 ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին,
 հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի(Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը,

ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։
Շնորհակալություն եմ հայտնում ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակին և անձամբ տկն․ Բուրիչին ու պրն․ Պապային՝ իմ հրատապ գրություններին արձագանքելու համար։

Միաժամանակ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելուն միտված գործուն քայլերի անհրաժեշտությունը:

Դատապարտումները քիչ են, անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»-գրել է Թովմասյանը:

--00—ԶՀ