ՌԴ-ն Ադրբեջանին է սպասարկում, ՀՀ-ն իր համար մանրադրամ է, որի հաշվին իր հարցերն է կարգավորում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Լավրովն ասում էր՝ միջանցքը մոտ օրերս կբացվի, իմ կարծքով, մինչև չբացվի, ոչ մի իմաստ չունի բանակցություն վարել: Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին են փակել միջանցքը, եթե Ռուսաստանը չուզենար, միջանցքը չէր փակվի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ռուսաստանն ուզում է Հայաստանին ներքաշել ինչ-որ առևտրի մեջ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին, եթե այդ խայծը ընդունենք, միջանցքն անընդհատ բացվելու է ու փակվի, և Հայաստանից անընդհատ բաներ են կորզելու, դրա համար մինչև միջանցքը չբացվի, նրանց հետ չպետք է բանակցել:

ՌԴ-ն գերադասում է Ադրբեջանին սպասարկել և նրանց չվիրավորել, չնեղացնել, Հայաստանը իր համար մանրադրամ է, որի հաշվին իր հարցերն է կարգավորում, որին չպետք է համակերպվենք, այլապես ամեն ինչ կկորցնենք»,- ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով ԵՄ խմբի՝ երկու տարով Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելուն՝ պատգամավորը նշեց, որ նրանց՝ երկու տարով Հայաստան գալը խոսում է այն մասին, որ Հայաստանն այդ ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացրել:

«Այն մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանը ոչինչ չի անում, ԵՄ դիտորդների գալն ապացուցում է, որ բան չեն հասկանում, եթե Հայաստանի աշխատանքը չլիներ, դիտորդները այստեղ չէին հայտնվի: Ոմանք կարծում են, որ նրանց գալը սխալ է, գրգռում է Ռուսաստանին ու Ադրբեջանին, բայց նրանց ներկայությունից Ռուսաստանն ավելի գրգռվեց, քան Ադրբեջանը, ակնհայտ է, որ դիտորդները չգան, այլ զարգացումներ կարող են լինել»,- ընդգծեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ