«Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ կլինեն. նախագիծը 2 ամսով հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Կառավարությունը կարեւորում է որակի ենթակառուցվածքի համակարգի ամբողջական ներդրումն ու կիրարկումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում` ներկայացնելով ««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Վահան Քերոբյանի` գործող օրենքը չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին: Դեռեւս երկու տարի առաջ Եվրամիության փորձագետներ են ներգարվվել` ամբողջությամբ ուսումնասիրելու հավատարմագրման օրենսդրական կարգավորումները: Առաջարկվել են խոշորամասշտաբ փոփոխություններ, որպեսզի հավատարմագրման համակարգը դառնա վստահելի եվրոպական եւ ԵԱՏՄ գործընկերների համար:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական եւ միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների, փոփոխությունների հետ:

Նպատակն է հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը եւ ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերի կնքումը, ինչը կվերացնի առեւտրային խոչընդոտները` ապահովելով ապրանքների ազատ տեղաշարժը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ` հստակեցվել եւ սահմանվել են մի շարք հասկացություններ:

Առաջարկվող կարգավորումներով կդյուրացվի վերահավատարմագրման գործընթացը` նպաստելով ժամանակի, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների կրճատմանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է հավատարմագրման կոմիտեին վերապահել իրավունք` ընդունել հավատարմագրումը պահպանելու վերաբերյալ որոշում, եթե պարբերական եւ արտահերթ գնահատման արդյունքում պահպանվում է հավատարմագրումը:

Սահմանվել են Հավատարմագրման գնահատման մարմինների հավատարմագրման ժամկետները. հավատարմագրման եւ վերահավատարմագրման համար նախատեսվում է 4 տարի ժամկետ:

«Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացվել է նոր դրույթով, որի համաձայն` երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում` «Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության եւ Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը եւ նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները»: Նշված դրույթը պարտադիր պահանջ է Հավատարմագրման եվրոպական եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:

Վահան Քերոբյանը հավելել է, որ Ազգային ժողովի համապատասխան փորձագետները ծավալուն աշխատանք են կատարել` օրենսդրական նախաձեռնության մեջ առկա բացթողումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ` բոլոր նկատառումները Կառավարությունն ընդունել է:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ երեկ նախնական քննարկում է տեղի ունեցել օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ. առկա են բովանդակային եւ իրավական որոշ հարցեր:

ԱԺ փորձագիտական ու վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Բաբկեն Թունյանը, հավելելով, որ փորձագետների կողմից ներկայացվել են իրավական բնույթի մի շարք դիտարկումներ եւ փոփոխություններ, առաջարկել է նախագիծը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

--00—ԼՄ