Թուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը Հյուսիսային Իրաքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

1

Թուրքիան ավելացնում է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող իր կողմից վերահսկվող անցակետերի թիվը: Երկու տարվա ընթացքում 50-ից ավելի անցակետ է կառուցել: Այդ ամենը նպաստել է տեղի բնակչության արտագաղթին: Թուրքիան շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում է տարածքի շարժը, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ «Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքյան Քուրդիստանում անտեսվում են աշխարհի կողմից, ինչը լուրջ ճգնաժամ կարող է առաջացնել տվյալ ռեգիոնում։

Ուշագրավ է, որ գործակալությունը հարցում է ուղարկել Թուրքիայի պաշտպանության նախարարություն՝ ճշտելու, թե որքան ռազմաբազա ունի Թուրքիան Իրաքյան Քուրդիստանում: Սակայն հարցումը անպատասխան է մնացել:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Թուրքիան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը, գտնվում  է հենց Հյուսիսային Իրաքում:  

--00—ԼՄ